Նորություններ

Մինչև 136 հազար դրամ աջակցություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացողներին

Մինչև 136 հազար դրամ աջակցություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացողներին

Տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառում

 

1.Ու՞մ է վերաբերում տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումը:

 

Միջոցառման շահառու կարող են դառնալ 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող հետևյալ տնտեսավարողները՝

1) անհատ ձեռնարկատերեր և ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, որոնք 2019 թվականի ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ 2019 թվականի ընթացքում հանդիսացել են ինքնազբաղված անձ՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն,

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք 2019 թվականի ընթացքում հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր:

 

2.Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

 

1) Շահառուների համար (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց) դրամաշնորհի չափը որոշվում է 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ-դրամարկղային մեքենաներով և դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունների հանրագումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 10,0 հազար դրամ և ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ)։ 

2) Այն անձինք, ովքեր 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռքբերման հայտ, սակայն ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա չունեն, ապա նրանց դրամաշնորհի չափին ավելացվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ աջակցություն (68 հազար դրամ)։ 

3) Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)։

 

3.Ի՞նչ ժամանակի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն` մեկ անգամ:

 

4.Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմել  աջակցության ծրագրից օգտվելու համար:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի ՊԵԿ: Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում`https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:

Ուշադրություն` դիմումները (այդ թվում` ճշտված) կարող են ներկայացվել մինչև 2020 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

 

5․ Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո:

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsfտեղադրված 267 ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը: Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:

 

6․ Ովքե՞ր չեն կարող համարվել ծրագրի շահառուներ:

 

Պատասխան` 
Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) որոնց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը,

2) ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից (այդ թվում` հաշվի առնելով նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների թվաքանակը),

3) ովքեր բավարարում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվելու պայմաններին:

 

Հղումը՝ ՊԵԿ կայք

Plus
Share